Loading...
ԼՐԱՀՈՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակցությունների սեղանին ԼՂ խնդրի լուծման փուլային տարբերակն է․ Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների առարկան փուլային լուծումն է։ Ադրբեջական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բանակցությունների սեղանին այսօր քննարկվում է հենց փուլային լուծումը։ Չնայած Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական ելույթներում փորձում է հերքել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման հարցը։ Փուլայինից բացի այլ լուծում անհնար է»,- ասել է Ալիևը։ Նա հայտարարել է՝ դա նշանակում է, որ առաջին փուլում «հողերի մի մասն ազատվում է օկուպացիայից, այլ տարբերակ հնարավոր չէ», հավելելով, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»։ «Պարզապես մենք պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրադրությունը՝ հարցերը լուծելու համար։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ․ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»,- ասել է Ալիևը։ Հիշեցնենք, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խոսելով ԼՂ կարգավորման մասին՝ ասել է, որ հիմնախնդիրը կարող է լուծվել նաև փուլային տարբերակով, բայց՝ մի դեպքում․ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո՝ բանակցություններ։ Միաժամանակ, դիմելով Ադրբեջանի նախագահին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է․ «Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են։ Այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր»։

Loading...
Loading...
Загрузка...